Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները մարտի 6-ին կհանդիպեն Թբիլիսիում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը, այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին լրագրողներին հայտարարել է Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Շուտով Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները կրկին կհանդիպեն Թավրիզում (Իրան), իսկ հետո Թուրքիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների հանդիպում տեղի կունենա, հնարավոր է, Թուրքմենբաշիում», -ասել է Զեյբեքչին:

 

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին, թուրք նախարարը նշել է, որ այդ բանակցություններին զուգահեռ ծրագրվում են հանդիպումներ Թուրքիայի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարների միջեւ:

 

«Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հունվարի 29-ին Աշխաբադում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման ժամանակ քաղաքական ոլորտում համագործակցության հարցերին զուգահեռ քննարկվել են նաեւ տարածաշրջանային նախագծեր էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են համոզել Թուրքմենստանին եւ Իրանին իրենց գազը Անդրանատոլիական գազային նախագծով (TANAP) կառուցվելիք ադրբեջանական խողովակաշարով փոխադրել ԹուրքիÕ ¡:

 

Թուրքական «Ենի Շաֆագ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել Եվրասիական էներգամիություն, որի կենտրոնը պետք է լինի Ստամբուլը: Էներգետիկ միությունը միավորելու է 18 երկրների, որը պետք է գլխավորեն Թուրքիան եւ Ադրբեջանը: