Հռոմի Ֆրանցիսկոս Ա պապը թույլատրել է երեխաների մարմնական պատիժները՝ ձեռքով հարվածների տեսքով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Ըստ որում՝ նա ճշտել է, որ դա հնարավոր է բացառապես դաստիարակչական նպատակներով և չպետք է նվաստացնի երեխաների արժանապատվությունը:

 

Քահանայապետը հիշել է, որ մի անգամ ամուսնական զույգերի հետ կայացած հանդիպման ժամանակ հայրերից մեկը պատմել է, որ երբեմն իրեն թույլ է տալիս խփել երեխաներին, բայց երբեք չի հարվածում նրանց դեմքին: «Հիանալի է, որ նա հարգում է երեխայի արժանապատվության զգացումը: Եթե նա պատժում է երեխաներին, ապա դա անում է արդարացիորեն»,- հայտարարել է Ֆրանցիսկոս Ա-ն իր ամենշաբաթյա հրապարակային ունկնդրության ժամանակ, որը նվիրված էր ընտանիքում հոր դերին:

 

Հռոմի պապը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է երեխաների պաշտպանության թեմայով: 2013 թվականի մարտին իր ընտրվելուց հետո նա հայտարարել է մանկապղծության դեմ վճռական պայքար սկսելու մասին: 2014 թվականի ապրիլին նա ներողություն է խնդրել այն քահանաների համար, որոնք բռնություն են կատարել երեխաների նկատմամբ: