Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը վարող դատախազ Էրքան Ջանաքի հեռախոսը քննությունն իրականացնելու ժամանակ գաղտնալսվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Գաղտնալսումն իրականացվել է 2008 թվականին Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական գրասենյակի կողմից: Այս նպատակով գրասենյակը համապատասխան դիմումը ներկայացրել է Անկարայի' ծանր հանցագործությունները քննող 11-րդ դատարանին, որն էլ բավարարել է այն: Ընդ որում թե’ հետախուզական գրասենյակի դիմումի, թե’ դատարանի որոշման մեջ նշվել է, որ Էրքան Ջանաքը «Իսլամական մեծ արևելյան խումբ-ճակատ» ահաբեկչական խմբավորման գաղափարակիցն է:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու որշումներ են ընդունվել: