Ամերիկյան ԶԼՄ-ները երեկ, հղում անելով Պենտագոնի 2008թ. հետազոտությանը, հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ասպերգերի համախտանիշ ունի՝ աուտիկ շեղում, որն ազդում է նրա բոլոր որոշումների վրա: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տվյալ տեղեկությունը մեկնաբանության ոչ արժանի հիմարություն է անվանել, իսկ փորձագետները կարծում են, որ նման լուր տարածելու նպատակը Վլադիմիր Պուտինին բարկացնելն է՝ Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի այցից առաջ:

 

Բժիշկ-հոգեբույժ Պավել Բեսչաստնովը նշել է, որ հեռակա ուսումնասիրելով՝ հնարավոր չէ նման ախտորոշում անել:

 

«Հեռակա ուսումնասիրելով, այլ ոչ թե մարդու հետ անմիջական շփման ընթացքում, դու կարող ես տեսնել միայն նրա վարքագծի մի կողմը: Ցանկացած փորձառու բժիշկ նման կերպ ախտորոշում չէր անի, քանի որ նա կհասկանար, որ այդ ամենը ենթադրություններ են, որովհետև այն, թե ինչպես է ապրում մարդը, ինչպես է արձագանքում տեսախցիկներից այն կողմ, դու չգիտես»,- ասել է բժիշկը։