Թուրքիայի քաղաքական օրակարգն այս շաբաթ էլ զերծ չմնաց Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներից և հայտարարություններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումը պատճառ դարձավ, որ այս հարցը շարունակի առաջնային կարևորություն ունենալ պաշտոնական Անկարայի համար: «Արմենպրես»-ն անցնող շաբաթվա ընթացքում հետևեց Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և այժմ ամփոփ ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

 

Շաբաթվա մեկնարկին «Արմենպրես»-ը հրապարակեց իր հարցազրույցը հայտնի թուրք ակտիվիստ, «ԴուրԴե» շարժման ներչկայացուցիչ Լևենթ Շենսևերի հետ: Վերջինս փաստեց, որ թուրքական պետությունը հրաժարվում է առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ Ցեղասպանության փաստին առերեսվելը նշանակում է հերքել հանրապետական Թուրքիայի ավելի քան 90 տարվա «առասպելը»: Անդրադառնալով Չանաքքալեի մարտերին նվիրված տոնակատարությունները ապրիլի 24-ին անելու թուրքական որոշմանը՝ նա ընդգծեց, ո ր կառավորության նման որոշումը Ցեղասպանությունը ժխտելու էժանագին փորձ է:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումն անտարբեր չթողեց թուրքական պետությանը: Երկրի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընի և արտաքին քաղաքական գերատեսչության կողմից համապատասխան հայտարարություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններով սկսեցին հանդես գալ այլ պաշտոնատար անձինք: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև ապրիլ քայլեր չեն արվի, քանի որ դա հակասում է Անկարայի տրամաբանությանը: Նա հավելեց նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հստակ ծրագիր չունի:

 

 

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը ևս խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ Թուրքիան կամաց-կամաց գնում է դեպի մի նոր ճանապարհ:

 

 

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը, թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարեց, որ ինքը չի կարող ասել, թե ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորյան ուղերձում ինչ եզրույթով կբնորոշի 1915 թվականի իրադարձությունները: «Մեր քաղաքականությունն այն է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի քաղաքացիների համար օգտակար կլինի 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի կոտորա ծներն և ողբերգություններն ընդունել ճիշտ և արդար կերպով»,- նշեց նա:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլքսանչորսյան տրամադրությունները և խոսակցություններն այս շաբաթ ևս չդադարեցին: Հայտնի դարձավ, որ երկրի ԱԳՆ-ի կազմած, Չանաքքալեի հաղթանակին նվիրված օրացույցում անհասկանալի ճանապարհով հայտնված Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորը տեղափոխել է թուրքական մեջլիս:

 

 

Շաբաթվա ընթացքում թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ սկսեցին տարածել այն մասին, որ հայկական լոբբիից վախեցած Թուրքիան թաքցնում է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի արարողություններին մասնակցելու հրավերն ընդունած տարբեր երկրների ներկայացուցիչների անունները: Ավելին, պարզվում է, որ պաշտոնական Անկարան մինչև վերջին պահը չի հրապարակելու արարողություններին մասնակցող օտարերկրյա պաշտոնյաների անունները:

 

 

Ու մինչ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պատրաստվում էին ապրիլքսանչորսյան արարողություններին, Թուրքիայի քաղաքացիական հինգ կազմակերպության ներկայացուցիչներ Չանաքքալե հրավիրված երկրների առաջնորդներին կոչ արեցին Թուրքիայի փոխարեն ապրիլի 24-ին այցելել Երևան: «Ցեղասպանության պատասխանատվությունը մինչ օրս կրող Թուրքիայի Հանրապետության ղեկավարների հրավերը մի ընդունեք: Հայտարարեք, որ ապրիլի 24-ին Չանաքքալե չեք գալու, Ցեղասպանության զոհերի հիշատակը չեք անարգելու, նրան ց թոռների հարյուր տարվա սուգը չեք տրորելու անցնեք»,- կոչ արեցին նրանք:

 

 

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիան նախորդ կես տարվա ընթացքում ողջ աշխարհի պետությունների շարքում ամենաշատն է դիմել «Թվիթեր» սոցիալական կայքին՝ գրառումներ հեռացնելու հարցով:

 

 

Արդեն շաբաթվա վերջում հայտնի գրողների միջազգային PEN ակումբը հարցազրույց արեց Թուրքիայում բանտարկված պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի հետ:

 

Ամփոփեց՝ Արաքս Կասյանը