Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է, և Հայաստանի ներքաղաքական հարցերը այնտեղ տանելու փորձերն ապակառուցողական են և անընդունելի: Փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Բերձորի դեպքերին:

 

«Իհարկե, ցավալի է այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Բերձորում: Սակայն, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբ աղի Հանրապետությունը անկախ պետություն է, և Հայաստանի ներքաղաքական հարցերը այնտեղ պետք չէ տանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

 

 

Նա ընդգծեց, որ բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ ԼՂՀ-ն անկախ է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Հայաստանից: «Հայաստանը և Արցախը միասին պայքարում են Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար, ուստի, մենք այս տրամաբանությունից չպետք է շեղվենք և պետք է գնանք մեր որդեգրած ճանապարհով»,- ընդգծեց Այվազյանը:

 

 

«Հիմնադիր խորհրդարանը» հունվարի 31-ին փորձել է դեպի Արցախ ավտոերթ անցկացնել, որը ԼՂՀ ոստիկանությունը կանխել է Աղավնո բնակավայրի մոտ: