Կանադայի գերագույն դատարանը փետրվարի 6-ին ընդունել է որոշում, որի համաձայն' բժիշկները իրավունք ունեն օգնել ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդներին ինքնակամ հեռանալ կյանքից: Կանադայի գերագույն դատարանի բոլոր ինն անդամները միաձայն որոշում են կայացրել (1993 թվականից Կանադայում էվթանազիան արգելված էր):

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Կանադայի գերագույն դատարանի որոշման համաձայն' յուրաքանչյուր ծանր հիվանդ, ով ցանկություն կհայտնի ինքնակամ հեռանալ կյանքից, պետք է տա գրավոր համաձայնություն: Բացի այդ, էվթանազիան կիրառվելու է միայն անբուժելի և անասելի ծանր ցավեր ունեցող չափահասների նկատմամբ:

 

 

Կանադայի կառավարությունը 12 ամիսների ընթացքում պետք է ընդունի համապատասխան որոշում, իսկ մինչ այդ Կանադայում էվթանազիան շարունակելու է մնալ օրենքից դուրս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

Ներկա պահին Կանադայում գործող դաշնային օրենքն արգելում է բժիշկներին հիվանդների խնդրանքով իրականացնել էվթանազիա: Օրենքը խախտողներին սպառնում է առավելագույնը 14 տարվա ազատազրկում:

 

 

Ներկայումս էվթանազիան թույլատրվում է միայն մի քանի երկրներում, օրինակ' Հոլանդիայում և Բելգիայում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում: