«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշել է առևտրի և զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկա ամիսներին մեծացնել դեպի Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաք թռիչքների թիվը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական պաշտոնական Fars լրատվական գործակալութունը հայտնել է, որ Անկարայի այդ որոշման իրական նպատակը Եմեն ահաբեկիչներ փոխադրելն է:

 

 

Հղում կատարելով սեփական աղբյուրների վրա, իրանական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայում ահաբեկիչներին օգնելուց հետո հաջողությունների չհասած Թուրքիան իրականում ցանկանում է այժմ էլ մտնել Եմեն և ժողովրդական ուժերի ու Եմենի բանակի դեմ այդտեղ պատերազմել ցանկացող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման ահաբեկիչներին իր ավիաուղիներով փոխադրել Եմեն:

 

 

Fars-ը հաղորդել է, որ եմենյան աղբյուրները ևս հաստատել են, որ Թուրքիայի վարչախումբը ցանկանում է Սիրիայում և Իրաքում իրականացրած փորձը կիրառել նաև Եմենում, որոնք ոչ այլ ինչ են, քան իրական իսլամի հետևորդներին անհավատության մեջ մեղադրող ահաբեկիչներին Իրաք և Սիրիա մտցնելն ու այդ երկրները խառնելն է:

 

 

Միջազգային մամուլն ավելի վաղ փաստեր էր հրապարակել Սիրիայում և Իրաքում կառավարական ուժերի դեմ կռվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Թուրքիայի կողմից զենք և սպառազինություն մատակարարվելու, թիկունքային այլ օժանդակություն ցուցաբերվելու, ինչպես նաև իր տարածքը Սիրիա և Իրաք ահաբեկիչների տարանցման համար տրամադրելու մասին: