ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին կայացել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

 

 

Նիստի ընթացքում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:

 

 

Նիստի ավարտին միջգերատեսչական հանձնաժողովի մի շարք անդամներ, ովքեր աչքի են ընկել ծառայության ընթացքում, պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու հուշանվերով: