ՀՀ պաշտպանության նախարարության 54574 զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել:

 

Այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 և 376 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է իշխանազանցություն: 2010 թվականի մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույք հանդիսացող 1 հատ ՍԿ լրակազմ զրահաբաճկոնի, 1 հատ զրհաբաճկոնի դատարկ պայուսակի, 2 հատ կևլարե սաղավարտների փաստի մասին սահմանված կարգով ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատա րին տեղեկացնելու, որից հետո դրանք սպառազինության վարչության պահեստ տեղափոխելու փոխարեն, ռազմական գույքը տեղափոխել և պահել է իր ավտոտնակում, այնուհետև նյութական օգուտ ստանալու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, անցել պաշտոնական լիազորությունների սահմանը' վաճառել է ռազմական գույքը:

 

Բացի այդ'ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ' զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զի նվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:

 

Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը Գրիգորի Նադիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։