Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդվել է մինչեւ վերջ պայքարել արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդների' գյուլենականների դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի' պատգամավորության թեկնածու առաջադրվելու հրաժարականը մեկնաբանելու ժամանակ:

 

Էրդողանն ափսոսանք է հայտնել զբաղեցրած պաշտոնից Ֆիդանի հրաժարականի առնչությամբ' նշելով, որ ինքը նրան այդ պաշտոնին բերել էր որպես իր «գաղտնի արկղ»:

 

Էրդողանը շեշտել է, որ գյուլենականների դեմ պայքարում Ֆիդանն իրեն շատ է օգնել: Նա հույս է հայտնել, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նրա փոխարեն այդ պաշտոնում հաստատելու համար իրեն «արժանի թեկնածու» կառաջադրի:

 

Էրդողանը հայտարարել է, որ գյուլենականները, որոնց նա «զուգահեռ կառույց» է անվանել, ավելի շատ վնաս են հասցրել Թուրքիային, քան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

 

«PKK-ն Թուրքիային այնքան վնաս չի հասցրել, որքան այդ «զուգահեռ կառույցը»: Ես մշտապես ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ մենակ էլ մնամ' մինչեւ վերջ պայքարելու եմ այդ կառույցի դեմ»,-հայտարարել է Էրդողանը:

 

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների, այդ թվում նրա որդու, դստեր եւ փեսայի նկատմամբ միլրադավոր դոլարների հասնող աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել Գյուլենի արտահանձնմանն ԱՄՆ-ից, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձ ել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: