Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի վրա վերահսկողություն հաստատելուց հետո քրդական ուժերը սկսել են հարձակումներ գործել Թել Աբյադ քաղաքի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիացի ընդդիմադիր ակտիվիստների տեղեկացմամբ, քրդական ուժերը Ռակկայի հեղափոխական ուժերի հետ հասել են մարզի ծայրամասեր: Թել Աբյադում բախումներ սկսվելուն պես տասնյակ ընտանիքներ ստիպված փախուստի են դիմել դեպի հարևան Թուրքիա:

 

Թել Աբյադ քաղաքը Քոբանիի նման սահմանամերձ քաղաք է և մեծ կարևորությունի ունի «Իսլամական պետության» համար: Մոտ մեկ տարի է ԻՊ-ն իր հակակշռի տակ է վերցրել քաղաքը և քրդերին ու մյուս զինյալներին վտարել այնտեղից: Այն կարևոր անցում է Թուրքիայից Սիրիա մտնելու համար:

 

Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը նոր հաջողություններ են գրանցել «Իսլամական պետության» դեմ Քոբանի քաղաքի մերձակայքում պայքարի ժամանակ: Ահաբեկիչներից ազատագրվել են Քոբանի քաղաքի հարավային և արևմտյան հատվածներում գտնվող 8 գյուղ: Տեղի ունեցած բախումների ժամանակ ԻՊ-ն լուրջ կորուստներ է կրել:

 

Արդեն իսկ քրդական ուժերի վերահսկողության տակ են գտնվում Քոբանիի մերձակա գյուղերի մեկ երրորդը: