Ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցները Մինսկի հանդիպմանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի եւ դրա կատարման նկատմամբ հսկողության շուրջ, ինչպես նաեւ համաձայնեցրել են ծանր սպառազինության հետքաշման սխեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:

 

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Դոնբասի պետական կառուցվածքը եւ տեղական ընտրությունների անցկացումը:

 

Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցների հանդիպումը փետրվարի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Մինսկի կենտրոնի «Դիպսերվիս հոլ» համալիրում: Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, «Ուկրաինայի ընտրությունը» հասարակական կազմակերպության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Կիեւում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Հանդիպման ավարտից հետո մամուլի համար ոչ մի հայտարարություն չի արվել:

 

Պուշիլինը բանակցությունների ավարտին հայտնել է, որ Դեյնեգոյի հետ միասին Շփման խմբի անդամներին է փոխանցել արձանագրության նախագիծ, որը «ներառում է ռազմական եւ քաղաքական կարգավորման համալիր միջոցառումներ»: «Շփման խմբի կողմերը վերցրել են արձանագրության այդ նախագիծը եւ խոստացել պատասխան տալ ընդմիջումից հետո»,- ասել է Պուշիլինը: Միաժամանակ նա ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել հրադադարի մասին:

 

Ինչպես սպասվում է, փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Դոնբասի մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը:

 

Փետրվարի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հեռախոսազրույցներ են անցկացրել Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման հարցի շուրջ: Սակայն այդ զրույցների արդյունքները չեն հրապարակվել:

 

Փետրվարի 5-ին եւ 6-ին Օլանդը եւ Մերկելը այցելել են Կիեւ եւ Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն ընթացել են դռնփակ: Դրանց արդյունքների վերաբերյալ հանդիպումների մասնակիցները հայտարարություններ չեն արել: Դրա հետ մեկտեղ կողմերը նշել են բանակցությունների կառուցողական ընթացքը: