Սերժ Սարգսյանն իր քարոզարշավի ժամանակահատվածում արդեն երկրորդ կիքսն է բաց թողնում: Մեկը՝ կապված Եռաբլուրում հայտնի միջադեպի հետ, մյուսն էլ «թարս բուսնող խիյարի» հայտնի դարձած պատմությունը:
Ինչպե՞ս է ստացվել, որ մինչ այս համագումարային հանդիպումներում կազմակերպված ու հագեցած տեքստերով հանդես եկող Սերժ Սարգսյանն արդեն իրականության մեջ ի վիճակի չէ իրացնել իր կողմից հռչակվող սկզբունքները:
Ընդհանրապես, ինչքան էլ խոսվի այն մասին, որ առաջիկա ընտրությունները պարարտ դաշտ են շատ քաղաքական գաղափարների ներմուծման, շրջանառման ու կայացման համար, պարզ է մի բան. իշխանությունն իր տնտեսական ու քաղաքական մոբիլիզացիայով այսօր չունի այնպիսի մրցակից, որ ընտրություններում գոնե որոշակի անհարմարություն պատճառի: Տեսականորեն իհարկե այդ անհարմարությունը կա, ու շարունակվելու է միշտ, հաշվի առնելով իշխանության լեգիտիմության ճգնաժամը:
Հանրապետականներն ու Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ «արխային» են ընկել: Արխային չընկնելու երկու իրավիճակ կար՝ Գագիկ Ծառուկյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին: Հենց այդ իրավիճակում էլ համագումարային գեղեցիկ տեքստերը կվերածվեին նաև քարոզարշավային գեղեցիկ տեքստերի:
Ինչ որ մեկին այս իրավիճակում մեղադրելը բավական բարդ է: Բայց այս պահին իշխանության մեջ տիրող տրամադրություններն ու այդ մասին վկայող «փոքրիկ անախորժությունները» խոսում են մեծ խնդրի առկայության մասին: Իշխանության համար այս պահին ընդդիմություն, կամ գոնե այլընտրանք գոյություն չունի: Միգուցե Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանալու են որոշակի ձայներ հավաքել, միգուցե հասցնելու են որոշակի լսարաններ նվաճել, ներմուծել ինչ որ նոր դիսկուրսներ: Բայց սա ընդամենը տեսական իմաստով: Գործնականում գերկենտրոնացված իշխանությանը բավական բարդ է հաղթել «պարտիզանական» կռվում գոնե այս իրավիճակում:
Խնդիրը նաև այն է, որ կուսակցություներից շատերը, որոնք այսօր պայքարի մեջ չեն կամ մեջ են, ժամանակի ընթացքում կուսակցական բավարար գործունեություն չեն ծավալել առնվազն համակարգային մասնակցության համար: Քաղաքական ընդդիմությունը կոնսոլիդացել է ընտրություններից առաջ, ընտրություններից հետո որոշակի ճնշում գործադրել, հետո գնացել հանգստի: Միջանկյալ ու երկար, հաճախ հոգնեցնող թվացող կուսակցական գործունեությունը, նոր ռեսուրսների ու կապիտալի ներգրավումն ու ոչ պաշտոնական քարոզչությունը տեղի չեն ունեցել:
Հանրապետականի դեպքում այդ քարոզչությունը մշտակայուն է մի պատճառով՝ վերջինս իշխանություն է, ու անկախ ամեն ինչից՝ միշտ կարիք ունի նորանոր ռեսուրսներ ներգրավելու: Իշխանությունը դա անում է ֆինանսական ու պետական մեծ ռեսուրսներով: Ընդդիմությունը դա պետք է ու կարող է անել միայն իշխանությունից ավելի նորարար լինելով: Իշխանությունը պետական ու ֆինանսական ռեսուրսը չի կիսելու ընդդիմության հետ, մանավանդ նման որակներով կազմակերպված իշխանությունը: Ուստի ընդդիմությունը հաղթելու համար դատապարված է ավելի նորարար ու կազմակերպված լինել:
Այսօր արդեն կան որոշակի հիմքեր՝ ընդդիմադիր դաշտի գաղափարականացման ու նորարարացման համար: Ինչքանով այդ գործընթացը կզարգանա՝ բարդ է ասել, այդ գործընթացները դեռևս նոր են սկսվում:
Մյուս կողմից, իշխանության միայնակությունը դաշտում պարունակում է դրական ու բացասական կողմեր:
Բացասականն այն է, ինչին մենք այժմ ականատեսն ենք՝ գրեթե հարյուր տոկոսանոց հպարտ զգացողություն հաղթանակի հանդեպ: Դրականն այն է, որ նման իրավիճակով պայմանավորված՝ իշխանությունը սկսելու է տրոհվել: Փետրվարից հետո ամենատեսանելի գործընթացը լինելու է հենց իշխանության տրոհումը: Ընդ որում, սա հետաձգված տրոհում է, հետաձգված դեռևս 2008 թվականից: Իշխանությունն արդեն հասցրել է իր ձեռքում կենտրոնացնել ողջ տնտեսական ու քաղաքական կապիտալը, հաջորդ քայլն այդ կապիտալները տարբերակելն ու սոցիալականացնելն է: Զարգացման կամ գործընթացների շարունակականության այլ տարբերակ չի մնում: Այժմ այդ գործընթացները չեն գործարկվում միայն ընտրությունների ու դրանցում իշխանությանը միավորող միակ գործոնի՝ Սերժ Սարգսյանի մասնակցության պատճառով:
Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո հետաձգված ու կանխատեսվող այդ գործընթացը սկսելու է: Այնպես որ, Սերժ Սարգսյանի «արխային» թվացող կարճ ժամանակահատվածը արագ կավարտվի, երբ իր իսկ թիմերի ներսում կսկսվի պառակտում կամ տրոհում, ու կարիք կլինի կողմնորոշվելու, վերահսկելու, կոորդինացնելու ավելի բարդացող խաղը: