Հարավային Կորեայում չորս տարվա բանտարկության են դատապարտել առափնյա պահպանության ուժերի նավի հրամանատարին, ով առաջինն Է հայտնվել «Սեւոլ» լաստանավի խորտակման վայրում: Քվանջու քաղաքի դատավորը Կիմ Կյուն Իրին մեղավոր Է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

 

Դատարանը եզրակացրել Է, որ Կիմ Կյուն Իրը չափազանց ուշ Է սկսել խորտակվող լաստանավի ուղեւորներին փրկելու գործողությունը: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ հետաքննության ընթացքում նա պնդել Է, թե բարձրախոսով տարհանում Է հայտարարել:

 

Ընդամենը «Սեւոլ»-ի խորտակման գործով արդեն դատապարտվել Է ավելի քան 50 մարդ, նրանց թվում են անձնակազմի 15 անդամները եւ գործարկու ընկերության մի քանի ներկայացուցիչներ: Լաստանավի կապիտան Լի Չժուն Սոկը դատապարտվել Է 36 տարվա բանտարկության:

 

Հետաքննությունը պարզել Է, որ նավապետը եւ անձնակազմի անդամները, քողարկվելով քաղաքացիական հագուստով, առաջինների թվում լքել են աղետյալ նավը՝ չկազմակերպելով ուղեւորների տարհանումը:

 

«Սեւոլ» լաստանավը 2014 թվականի ապրիլի 16-ին խորտակվել Էր Կորեական թերակղզու հարավարեւմտյան ափին: Նավի վրա եղել Է 476 մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ Էին: Զոհվել Է 304 մարդ: