Ազգային, պետական տոները, հատկապես՝ Սպարապետին, հայոց բանակին, Երկրապահին վերաբերողները, մեծ շուքով նշվում են ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Բանակի տոնն, օրինակ, հավուր պատշաճի նշել են նաև ԵԿՄ արտերկրի ներկայացուցչություններն Օդեսայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Մոսկվայում, այլուր:

 

Մասնավորապես ԱՄՆ-ում ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Սամվել Ֆրանկլյանի հետ Լուրեր.com-ը կարողացավ կապ հաստատել, և նա մեզ փոխանցեց, թե ինչպես են նշել հայոց բանակի տոնը:

 

  

 

«ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հրահանգով հայոց բանակի տոնն ԱՄՆ-ում նշել ենք մեծ շուքով, նշել ենք երկրապահաբար, բոլոր ավանդույթների պահպանմամբ: ԵԿՄ ներկայացուցչությունը, ասմունքող Դավիթ Ասատրյանի և ստեղծագործական միջոցառումների կազմակերպման ընկերության նախագահ Արտակ Մարտիրոսյանի հետ, Գլենդելի կենտրոնում գտնվող 500 հանդիսական տեղավորող սրահում մեծ համերգ է անցկացրել, որում հնչել է հայ ժողովրդական, ազգային երգ ու պար, ասմունք, եղել է նաև էստրադային մաս, որում ելույթ են ունեցել Միստր X-ը, հայ բեմի այլ շնորհալիներ: Համերգի ժամանակ հայությանը փոխանցել ենք Երկրապահի առաջնորդի շնորհավորանքի խոսքը Բանակի օրվա կապակցությամբ և բարեմաղթանքները:

 

Շեշտել ենք, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պատգամն է, որ հայությունն ամբողջ աշխարհում միասնական լինի, մտածի հայրենիքի, հայոց պետականության մասին, պահպանի հայի, երկրապահի տեսակը: Միջոցառման ժամանակ նաև պարգևատրման արարողություն է եղել, դարձյալ երկրապահական ոգով: Պարգևատրվողների թվում եղել են անվանի զինվորականներ, ինչպես օրինակ, ամերիկյան զորքերի հայ գեներալ Ջորջ Չիլինգարը: Պարգևատրվողների թվում եղել են Արցախյան պատերազմի մասնակիցներ, օրինակ՝ գնդապետ Արմեն Սահակյանը: Քանի որ երկրապահն այսօր եռասերունդ է, և ԵԿՄ կազմում ընդգրկված են տարբեր շերտերի ներկայացուցիչներ, պարգևների են արժանացել նաև պատանի և երիտասարդ երկրապահներ, բժիշկներ, մտավորականներ, բարերարներ, բոլորն էլ՝ համայնքում և ընդհանրապես հայության մեջ հեղինակություն վայելող մարդիկ»,- ասաց Սամվել Ֆրանկլյանը:

 

 

 

Սամվել Ֆրանկլյանից տեղեկացանք նաև, որ հանդիսության դահլիճում տեղադրված են եղել հայ մարդուն, հայ ընտանիքը, երկրապահ հային փառաբանող պաստառներ: Պարոն Ֆրանկլյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ԵԿՄ Ամերիկայի ներկայացուցչությունը, աշխարհասփյուռ հայության բոլոր երկրապահական կառույցների նման, պատրաստվում է Անդրանիկ զորավարի 150-ամյակի միջոցառումներին և Սպարապետի ծննդյան օրվա հանդիսություններին: Մարտի 5-ին, երբ Երևանում պատանի երկրապահի երդման արարողություն է, զուգահեռաբար նաև Գլենդելում կկազմակերպվի նմանատիպ միջոցառում: Սփյուռքահայությունը, այդ թվում՝ Ամերիկայի երկրապահ կառույցը, լրջորեն պատրաստվում է նաև ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։