Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի 2260 գործող գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 29 հազար 701 մարդ, որոնցից 20 հազար 343-ը կանայք են: Ըստ տնտեսությունների զբաղվածները բաշխվում են հետեւյալ կերպ. պետական հատվածում' 13 հազար 236, ոչ պետական հատվածում' 16 հազար 412, հասարակական կազմակերպություններում' 53 մարդ եւ այլն: Գյուղատ նտեսության ոլորտում աշխատում է 12 հազար 559, արդյունաբերության ոլորտում' 13 հազար 479, կրթության ոլորտում' 1954, առողջապահության ոլորտում' 728, շինարարության ոլորտում' 163 մարդ եւ այլն:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, Արտաշատի տարածաշրջանը, լինելով գյուղատնտեսական ներուժ ունեցող եւ զգալի գործատուների բանակով հագեցած տարածաշրջան, այնուամենայնիվ, կարիք ունի նոր աշխատատեղերի ստեղծման, իսկ առկա թափուր պաշտոնները' համապատասխան ճիշտ կադրերով համալրման, քանի որ առկա է զբաղվածոթյան ապահովման կարիք ունեցող աշխատանք փնտրողների մեծ բանակ:

 

Ներկա ժամանակահատվածում շատ մեծ ծավալով իրականացվում է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը, որն արդեն մտել է Կենտրոնի կողմից իրականացվող պետական ծրագրերի մեջ: Այդ ծրագրով 2014 թվականին բնական աղետի պատճառով տուժած Արտաշատի տարածաշրջանի 26 համայնքի 335 գյուղացիական տնտեսության հետ կնքվել է պայմանագիր: Ըստ այդմ, հողագործներին իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց հատկացվել է 37 մլ 147 հազար 600 դրամի չափով գումար:

 

Ավետիսյանի փոխանցմամբ, 2014 թվականի չորրորդ եռամսյակում Կենտրոնի կողմից իրականացված ակտիվ ծրագրերով 16 աշխատանք փնտրողի համար իրականացվել է ծրագիր: Պասիվ ծրագրերով հաշվետու եռամսյակում գործազրկության նպաստ է ստացել 22 մարդ: Նպաստի ընդհանուր գումարը կազմել է 302 հազար 209 դրամ:

 

 

Լիլիթ Մաճկալյան