Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցների բնակիչները հավաքվել էին Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահին պատկանող տան դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Շուրջ մեկ ժամ նրանք անցկացրել են այդ վայրում, սակայն ակցիայի մասնակիցներին ոստիկանները հայտնել են, որ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, գտնվում է Լոռու մարզում' հորդորելով հավաքվածներին հեռանալ: Ապա ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի իրենց հետ հանդիպի առաջին տիկինը, սակայն այդ պահանջը եւս չի կատարվել: «Թող մեզ ընդունեն, մեր խնդրին լուծում տան, ուր գնում, բողոքում են, անօգուտ է, ինչքա՞ն կարելի է ցրտին, անձրեւին եւ ձյանը հավաքվենք ու բողոքենք»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են հավաքվածները: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ բնակարանով ապահովելու խոստում իրենց անձամբ տվել է Սերժ Սարգսյանը եւ հիմա պարտավոր է կատարել այն: «Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր բնակարաններն ենք ուզում, ինչքա՞ն կարելի է վարձով ապրել»:

Փայլակ Ֆահրադյան