Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում ձևավորված մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի ու քաղաքացիների հարաբերությունները պետության հետ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործադիրի նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ եւ հաշվառումը մերժել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում: «Առաջարկվում է նաեւ հանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի եւ վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը»,- ասաց Եղիազարյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նախագծերի ընդունումը և ընդգծեց, որ գործադիրը հնարավորինս պետք է գնա պարզեցման: «Խնդրում եմ ձեզ, պարոն Եղիազարյան, շարունակել այս մոտեցումը, որպեսզի հնարավորինս բիզնեսի կյանքը պարզեցնենք, բյուրոկրատական քաշքշուկները, թղթաբանությունը հնարավորինս կրճատենք և նվազեցնենք: Դա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:

 

Մեկ այլ առաջարկով հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այլեւս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին, օրինակ՝ ուսանողներին, կարճաժամկետ՝ սեզոնային աշխատանք կատարել: