«Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանին կաշառակերության մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

«Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի առաջին և երրորդ մասերի առաջին և երրորդ կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս, նշված պետական մարմնի ուսումնական գործընթացում ուսանողներից ստուգարքներ և քննություններ ընդունելու և գնահատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակում համալսարանի որոշ ուսանողների օգտին գործողություններ կատարելու, այն է' ստուգարքները և քննությունները դրական գնահատելու, դիպլոմային աշխատանքներն ուսանողի փոխարեն գրելու համար 2011-2014թվականների ընթացքում պահանջել է և որպես կաշառք «Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ուսանողներից ստացել է զգալի և խոշոր չափերով գումարներ:

 

Կենտրոն և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Սուրեն Եզեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։