Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում կարձանագրվի նախատեսված 10 տոկոսից ավելի աճ:

 

Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:

 

«Զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, նրանց տեսականու ավելացմանը: Պրակտիկան ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն այս կամ այն տեսակի խթանումը շատ արագ և դինամիկ պրոցես է, և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել կարևոր է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:

 

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Համեմատության համար ճշմարիտյանը նշեց, որ հարևան Վրաստանում աճը եղել է 7 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոն 200 հազարը, միջազգային այցելությունների մասով նույնպես աճ է գրանցվել: