Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում է համագործակցել ՀՀ քաղաքական է հասարակական բոլոր շրջանակների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռիչարդ Միլսը շեշտում է, որ դա ընդունված մարտավարություն է, և այդ սկզբունքով են աշխատում աշխարհի բոլոր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատները:

 

 

«Մեր դեսպանություններն ամբողջ աշխարհում աշխատում են քաղաքական դաշտի բոլոր առաջնորդների հետ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կշարունակի աշխատել քաղաքական բոլոր ուժերի՝ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի ժողովրդավարության ուժեղ կողմերից մեկն այն է, որ կա ընդդիմություն, որը կարող է ազատ աշխատել, խոսել, ազատ շփումներ ունենալ դեսպանությունների հետ: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է պահպանվի»,- շեշտեց դեսպանը:

 

 

Լրագրողի հարցին ի պատասխան, Միլսն ասաց, որ մեկնաբանություն չի անի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առնչությամբ, որն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դեսպանը միայն հիշեցրեց, որ ինքը ծագումով ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից է, որտեղ քաղաքական գործիչները միմյանց հաճախ են պիտակներ կպցնում:

 

 

«Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի պահանջին, ստուգումներ իրականացնել ընդդիմադիր ուժի տնտեսական գործունեության ոլորտում, ապա կարծում եմ, որ ժողովրդավարության պարագայում, եթե Նախագահի կողմից առաջ է քաշվում ստուգումներ անցկացնելու պահանջ, հարկերի հետ կապված հարցեր, ուրեմն պետք է դրանք լինեն մանրակրկիտ, թափանցիկ և երկրի օրենքներին համապատասխան»,- նշեց դեսպանը: