Աբխազիայի քաղաքացիները մինչեւ 2015 թվականի վերջը նոր ընդհանուր քաղաքացիական անձնագրեր կստանան՝ բարձր պաշտպանվածությամբ: Դրանք տպագրելու են Ռուսաստանի Գոզնակում: Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան: Նա գլխավորում Է աշխատանքային խումբը, որն զբաղվում Է Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր քաղաքացիական անձնագրերի նոր նմուշի ստեղծմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Աձինբան հավաստիացրել Է, որ անձնագրերը կսկսեն տալ առաջիկա երեք ամիսներին, եւ նախքան տեղական ինքնակառավարման մարմինների՝ 2016 թվականի փետրվարին կայանալիք ընտրությունները անձնագրավորված կլինի հանրապետության ամբողջ բնակչությունը:

 

Փոխվարչապետի խոսքով՝ 2005 թվականից ներքին աբխազական անձնագրեր Է ստացել շուրջ 200 հազար մարդ եւ դրանք փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված Է հատկապես այն բանով, որ 2014 թվականի ամռանն Աբխազիայի ներքին գործերի նախարարության անձնագրերի-այցագրերի ծառայությունը բացահայտել Է հանրապետության արեւելյան շրջանների 22 հազար 787 բնակիչների, որոնց անձնագրերը տրվել են քաղաքացիության մասին օրենքի խախտմամբ: Խոսքն առավելապես վերաբերում Է վրացազգի բնակիչներին, որոնք, ստանալով աբխազական անձնագրեր, չեն հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից:

 

Աբխազիայում երկքաղաքացիությունը թույլատրված Է միայն Ռուսաստանի Դաշնության հետ: Անձնագրերի փոխարինումը պայմանավորված Է նաեւ դրանց ցածր աստիճանի պաշտպանվածությամբ: «Միջին «հմտության» խարդախը լավ ջանալու դեպքում կարող Է դրանք կեղծել»,-ասել Է Աբխազիայի փոխվարչապետը: