Տաթեւի վանքի հարակից գյուղերի երեսունից ավելի նորապսակ զույգեր այս տարի առանձնահատուկ կերպով են նշել Տեառնընդառաջի տոնը: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, նորապսակների օրհնության կարգ է կատարվել, որին հաջորդեցին տոնական միջոցառումները: Տեառնընդառաջի տոնակատարությունների եւ նորապսակ զույգերին համախմբելու նախաձեռնությունը &laquo ;Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամինն է, որն իրականացնում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի հանրային կապերի բաժնից, օրհնության կարգից հետո, որի ժամանակ, շարականների կատարումով հանդես է եկել նաեւ Տաթեւի երգչախումբը, նորապսակներն ու համայնքի բնակիչները հնարավորություն են ունեցել վայելելու մայրաքաղաքից հրավիրված պարային համույթի եւ երաժիշտ կատարողների ելույթները: Զույգերի համար նաեւ ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն էր ստեղծվել:

 


«Մեր նպատակը ոչ միայն «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական զ արգացումն է, այլեւ մշակութային կյանքի աշխուժացումը, նաեւավանդություններն ու սովորույթները ներկայացնող հետաքրքիր միջոցառումների կազմակերպումը, որոնք կարող են տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնել այցելուների եւ զբոսաշրջիկների համար: Նախորդ տարի, օրինակ, մենք Տաթեւի հարակից գյուղերում «Ոչխարների խուզման» փառատոն նախաձեռնեցինք, որը նախատեսում ենք այս տարի եւս կազմակերպել: Ուրախ ենք, որ այս բոլոր նախաձեռնություններն ստանում են նաեւ բնակիչների աջակցությունը»,-ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

 


Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետարանին եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: Հիմնադրամը եւ Սյունիքի մարզպետարանը նորապսակ զույգերին նաեւ նվերներ է մատուցել:

 


Տաթեւը Հայաստանի հնագույն եւ ամենահայտնի վանական համալիրներից է։ Այն եղել է միջնադարյան գիտության կենտրոններից մեկը եւ բացառիկ դեր է ունեցել երկրի պատմության մեջ: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի՝ վանական համալիրի վերականգնման բաղադրիչը ենթադրում է բոլոր շինությունների ամբողջական վերականգնո ւմ ու պահպանում, վանական կյանքի վերազարթոնք: Ծրագրի շրջանակում կվերականգնվեն անցյալում երկրաշարժերի հետեւանքով հասցված վնասները, կվերացվեն նախկինում իրականացված վերականգնման աշխատանքներում տեղ գտած թերությունները:

 


Արդեն ավարտվել են Տաթեւի վանական համալիրի վերակառուցման նախագծային աշխատանքները եւ բոլոր շինությունների լազերային սքանավորման փուլը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2015-ի գարնանը: Նախատեսվում է, որ դրանք ավարտին կհասցվեն 2017 թվականին՝ Տաթեւի վանքի 1111-ամյակի տոնակատարություններին ընդառաջ։

 


«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ոչ առեւտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևման մոդելից դեպի բարօրության շրջան:

 

Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջը, «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման ծրագիրը, Դիլիջանի զարգացման հիմնադրամը եւ այլն։