Արմավիրի մարզխորհրդում տեղի ունեցավ այս տարվա առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները և այլք:

 

 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց մարզպետարանի 2014 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը, որն ընդգրկում էր մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային ֆինանսական, արդյունաբերական, ՓՄՁ-ների, առևտրի, քաղաքաշինական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները:

 

 

«Պետք է նշեմ մարզի արդյունաբերության ոլորտում 2014թվականի ձեռքբերումները: Մասնավորապես, մեծ ներդրում են կատարել «ՄԱՊ» ՓԲԸ, Վանանդի «Նոյյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը և Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ղահրամանյանը և հավելեց, որ Արմավիրի մարզում առաջընթաց է գրանցվել նաև առողջապահության բնագավառում: «Արմավիրի բժշկական կենտրոնը բավական լավ վիճակում է , սակայն Վաղարշապատի ծննդատունն այնքան անմխիթար վիճակում է, որ տեղի բնակիչները ծննդաբերելու համար գալիս են Երևան»,-նկատեց նա' հայտնելով, որ Չեխիայի Հանրապետության հետ Արմավիրի բժշկական կենտրոնին կից շուտով կառուցվելու է ժամանակակից դիագնոստիկ կենտրոն:

 

 

Նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև որոշ համայնքների ներկայացուցիչներ: Մասնավորապես' Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը մյուս համայնքապետերի անունից ներկայացրեց ամենակարևոր հարցերը' հողի հարկի գանձում, բյուջեի արդյունավետ բաշխում և աղետների ռիսկի նվազեցում:

 

 

Մարզխորհրդի նիստից հետո ՏԿԱԻ նախարության անձնակազմը մարզպետի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը հյուրերին ծանոթացրեց հիվանդանոցի 1-03 ծառայությանը, վերանորոգված և վերազինված հարմարավետ հիվանդասենյակներին։

 

ՏԿԱԻ նախարարության անձնակազմը եղավ նաև Սարդարապատի ջերմոցում, որը մեծ նշանակություն ունի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում: Ջերմոցը զբաղեցնում է շուրջ 11 հազար քմ տարածք, իսկ բերքատվությունը կազմում է մոտ 200 տոննա բանջարեղեն: