ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև համայնքապետեր և ջրային ոլորտի պատասխանատուներ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը' նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական միտումներին, անհրաժեշտ է օգտագործել մարզում առկա ողջ ներուժն ու միջոցները ավելի բարձր արդյունքների հասնելու համար:

 

 

Անդրադառնալով մարզում վարելահողերի օգտագործման մակարդակին' նախարարը նշել է, որ Տավուշի մարզում առկա 25605.7 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 15482 հա (60.5 %)' նախորդ տարվա համեմատ 175 հա-ով ավելի, իսկ այս տարի, ըստ կանխատեսումների, կմշակվի 16462 հա' նախորդ տարվանից 980 հեկտարով ավելի:

 

 

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ պետությունը հետևողական է տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու' նպատակ ունենալով նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալ­նե­րի ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրաց­ման­ը:

 

«Մեր առանձնահատուկ և ամենօրյա հոգածության ներքո են գտնվում հատկապես սահմանապահ համայնքները, որտեղ խնդիրները հասկանալի պատճառներով շատ ավելի ցավոտ են և մտահոգիչ: Կարևորելով այս հարցը' Տավուշի մարզի թվով 24 գյուղական համայնքներ, որոնք մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեն, այս տարի  ազատվել են հարկերից»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սա լայն հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչների համար գյուղատնտեսության ոլորտում փոքր արտադրական կազմակերպություններ հիմնել, քանի որ արտադրության կազմակերպումը' անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը, ազատվում է հարկերից:

 

 

 

 

Տավուշի մարզն ընդգրկված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում (CARMAC 2), որն արդեն իսկ մեկնարկել է: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նպատակ ունի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը: Ծրագրով նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 80 ծրագիր՝ յուրաքանչյուրի ֆինանսավորման չափը 8000-50.0 00 ԱՄՆ դոլար: «Այս ծրագիրը Տավուշի մարզի համար անչափ կարևոր ծրագիր է, և անհրաժեշտ է օգտվել ընձեռված հնարավորությունից»,- ելույթի ավարտին նշել է նախարարը:

 

 

Խորհրդակցության ավարտին, գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով է պարգևատրվել Տավուշի մարզի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրության և կոմերցիայի գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվել են շնորհակալագրեր:

 

 

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բերքաբեր համայնք, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Համայնքի բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ նրանք օգտվում են պետական աջակցության ծրագրերից, սակայն դեռևս ունեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, այդ թվում' նաև ոռոգման ջրի խնդիրը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի վերջին կանգառը Սարիգյուղ համայնքն է եղել: Համայնքապետը նախարարի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում գյուղում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, ինչը դրական քայլ է համայնքի բնակիչների խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից:

 

 

Սակայն նրա խոսքով առավել մտահոգիչ է տեխնիկայի մաշվածության և բացակայության հարցը, հատկապես համայնքի համար հրատապ է հացահատիկահավաք կոմբայնÕ « ձեռքբերման խնդիրը: Նախարարը' ի պատասխան, խոստացել է ծրագրի շրջանակներում լուծում տալ խնդրին: