ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելը եւ կոչ է արել կողմերին՝ զինադադարի ռեժիմը պահպանել առանց որեւէ բացառության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությ ան հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 15-ի երեկոյան:

 

ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել է, որ «հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ նպաստելով հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորմանը»: «Միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է բախումների շարունակվող դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, այդ թվում՝ Դեբալցեւոյում, եւ ընդգծում է իր կոչը բոլոր կողմերին՝ հրադադարի ռեժիմը պահպանել առանց բացառությունների»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Մինսկի համաձայնություններին աջակցություն հայտնող բանաձեւի նախագիծ: Ենթադրվում էր, որ փաստաթուղթը կարող է քվեարկության դրվել արդեն փետրվարի 15-ին, սակայն Անվտանգության խորհրդի անդամ երկրներն առայժմ չեն համաձայնեցրել փաստաթղթի տեքստը: