Բանկերում վարկային տոկոսադրույքները պետք է բարձրանան, որպեսզի բանկերը կարողնանան պահպանել իրենց նվազագույն էֆեկտիվության մակարդակը: Չնայած դրան' տոկոսադրույքների աճը ժամանակավոր կլինի և երկար չի պահպանվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը' խոսելով վարկերի տոկոսադրույքների բարձրացման մասին:

 

 

«Բանկերն արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուսատավորումը իրականացնում են դրամով և արդեն բարձրացված տոկոսադրույքով, որը ազդեցություն է ունենում արտարժութային ավանդների տոկոսադրույքների վրա' դեպի ավելացում, այսինքն' այն տոկոսադրույքները, որոնք նշվում են որպես փողի ներգրավման տոկոսադրույք, բանկերի համար ավելի թանկ արժեն: Եթե այս պահին դեռ նկատելի չի, ապա մոտ ապագայում կարելի է սպասել արտարժույթով վարկերի տոկոսադրույքների բարձրացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Հանեսյանը:

 

 

Խոսելով ավանդների տոկոսադրույքների աճի մասին' նա նկատեց, որ այն մարժան, որը գոյացել է դրամային և դոլարային ավանդների միջև, գրավիչ է դարձնում դրամային ավանդները: «Կարծում եմ' հիմա լավ իրավիճակ է ստեղծվել, որ դոլարիզացիայի մակարդակը նվազեցվի: Չնայած շուկայական մեթոդներ կիրառվում են, սակայն դա ավելի խորքային խնդիր է, և պայմանավորված է մարդկանց սպասումներով ու հավատով»,- ասաց նա:

 

 

Տարեվերջին Հայաստանի արժութային շուկայում արձանագրված փոխարժեքային տատանումներն ուղղակիորեն ազդել են ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վրա։ Դա նկատելի է հատկապես դրամային միջոցների ներգրավման դեպքում, որոնք զգալիորեն թանկացել են։