Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից պարբերաբար անց են կացվում աշխատանքներ քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության համակարգերի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ. ստուգումներ տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում ու կազմակերպություններում, մեթոդական օգնություն, ուսումնավարժությունների իրականացում: Նախորդ տարվա ըն թացքում ստուգվել է Արարատի ոսկու կորզման գործարանի անվտանգության վկայագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքը, որի վերաբերյալ տվյալները ներկայացվել են փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչություն:

 

Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն Արարատի մարզպետի կողմից հաստատված գրաֆիկի, ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում վերապատրաստվել են մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ' 66 մարդ:

 

Մարզային փրկարարական վարչության կողմից մշտապես անցկացվում են նաեւ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ շտաբային ուսումնավարժություններ եւ օբյեկտային վարժանքներ: 2014 թվականին Արարատի ՄՓՎ կողմից անցկացվել է մեկ հրամանատարական ուսումնավարժություն օգոստոսի 29-ին' «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջացառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով: Նմանատիպ շտաբային ուսումնավարժանք անցկացվել է հունիսի 27-ին' «Բնակչության պաշտպանության միջոցառումների կարզմակերպումը սելավի դեպքում» թեմայով, հունիսի 19-ին' «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, նաեւ մեկ ցուցադրական հատուկ-մարտավարական վարժանք մայիսի 10-ին' «Մասնակի փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով եւ այլն:

 

Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզի 30 համայնքում անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ, 10 կազմակերպություններում' օբյեկտային վարժանքներ եւ դասախոսություններ: Դրանցից հինգը նվիրված են եղել քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան, հինգը' ԱԻ աշխատակցի օրվան: Հիշյալ վարժանքների նախապատրաստման եւ անցկացման գործում Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն եւ ապահովվել մասնակցություն:

 

 

Լիլիթ Մաճկալյան