Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի առաջին նիստը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

 

Ինչպես «Արմենպրես-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվեցին Կարմիրգյուղ, Գանձակ, Դդմաշեն եւ Ծովագյուղ բժշկական ամբուլատորիաներում 2013-2014 թվականների ընթացքում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, վերհանվեցին աուդիտի ընթացքում նշված ամբուլատորիաներում բացահայտված ֆինանսատնտեսական եւ առողջապահական բնույթի մի շարք բացթողումներ եւ անճշտություններ:

 

 

Մարզի ղեկավարը հանձնարարեց՝ գրանցված խախտումների կամ բացթողումների համար խիստ նկատողություն հայտարարել Կարմիրգյուղ եւ Գանձակ համայնքների բուժամբուլատորիաների տնօրեններին: Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ հանձնարարեց 4 բժշկական ամբուլատորիաների տնօրեններին՝ սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները եւ դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

 

 

Խոսրով Խլղաթյան