Ադրբեջանը հերթական անգամ պաշտոնական մակարդակով հերյուրանք է տարածում՝ փորձելով այլ ազգերին ծառայացնել սեփական խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը' արձագանքելով օրերս Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըի այն հայտարարությանը, թե իբր «օկուպացված» տարածքներում հայերը ոչնչացրել են մուսուլմանական, հրեական, քրիստոնեական և աղվանական բազմաթիվ հուշարձաններ:

 

«Արցախում բոլոր հուշարձանները պահպանվում են՝ անկախ իրենց ծագումից և կրոնական պատկանելությունից: Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, հնությունները ոչ թե վերացնում, այլ հակառակը՝ պահպանում և նորգում ենք: Դրա փայլուն օրինակը Շուշիի և Աղդամի (Ակնա) մզկիթներն են, որոնք մինչև հիմա կանգուն են։ Մեզ համար դրանք մուսուլմանական մշակութային և հոգևոր արժեքներ են, և մենք հոգևոր արժեքներին ձեռք չենք տալիս։ Հակառակ դեպքում ինչու այդ մզկիթները պետք է կանգուն մնային»,-նշել է Աշոտ Սարգսյանը' հավելելով, թե բազմաթիվ են այն օրինակները, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել հայկական հուշարձանները, պղծել ու հիմնովին ավերել են հայկական գերեզմանները։

 

ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչի խոսքով, 2009թ.-ի հուլիսի 4-ին Ռուսաստանի միջնորդությամբ Արցախ է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը, որի կազմում էին Միլի մեջլիսի պատգամավորներ Հասիմ Մոլլազադեն եւ Ռոֆշան Ռզաեւը, լրագրողներ, մտավորականներ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն, ովքեր այցելել են նաև Շուշի և իրենց աչքով տեսել պապհպանվող մահմեդական (պարսկական) մզկիթները և գերեզմանոցը: «Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն անգամ այցելել էր Շուշիում գտնվող իր հայրական տունը և զարմացած էր մնացել, թե ինչպես է այն պահպանվել»,-ասել է Աշոտ Սարգսյանը՝ հավելելով, որ Արցախում հայերի հետ այսօր էլ համերաշխ կողք կողքի ապրում են ռուսներ, հույներ, հրեաներ, ադրբեջանցիներ, վրացիներ, պարսիկներ և այլ ազգեր: Սակայն որպես կազմակերպված համայնքներ՝ եղել ու այսօր էլ պաշտոնական գրանցում ունեն ռուսական և հունական համայնքները:

 

«Ի դեպ, կցանկանայի ուշադրություն հրավիրել ևս մի կարևոր հանգամանքի վրա: Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին՝ 1992թ-ին, ԼՂՀ Գերագույն Խորհուրդը օրենք էր ընդունել, որ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունները ոչ միայն կարող են չմասնակցել մարտական գործողություններին, այլ ցանկության դեպքում պետությունը կարող է մեքենաներ տրամադրել նրանց անվտանգ մինչև Երևան տեղափոխելու համար: Այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն իր երկրում ապրող հենց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին էր մարտական գործողությունների ուղարկում, և այդ մասին կան բազմաթիվ ապացուցված փաստեր»,-ասել է Աշոտ Սարգսյանը:

 

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանն «Արցախպրես»-ի հետ զրույցում փաստել է, որ առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս նման անհեթեթ հայտարարությամբ: «Արցախում թե մուսուլմանական և թե քրիստոնեական հուշարձանները պահպանվում են հավասարապես։ Եթե որևէ մեկը ցանկանում է համոզվել դրանում, խնդրեմ, կարող է այցելել, տեսնել սեփական աչքով և համոզվել, որ ադրբեջանական կողմը զրպարտություններ է տարածում»,-ասել է Սլավա Սարգսյանը։ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետը նշել է նաև, որ Արցախի տարածքում հրեական հուշարձաններ չկան, քանի որ հրեական համայնք չի եղել։

 

Ինչ վերաբերում է աղվանական հուշարձաններին, նրանք, ըստ Սլավա Սարգսյանի, ևս աղավաղվում են, քանի որ ադրբեջանցիները աղվանական ասելով, ըստ էության, նկատի են ունենում հին հայկական հուշարձանները: «Դեռևս խորհրդային ժամանակներից սկսած' Արցախում գտնվող բոլոր հայկական պատմական հուշարձանները ադրբեջանցիները ներկայացնում էին որպես աղվանական, որպեսզի ցույց տան, որ հայերը եկվորներ են: Եվ այդ անհեթեթությունը այնքան անգրագետ էին ներկայացնում, որ օրինակ Գանձասարի վանքի վրա շուրջ 200 հայերեն արձանագրությունները ներկայացնում էին որպես աղվանակին»,-ասել է Սլավա Սարգսյանը՝ հավելելով, որ նույնիսկ Ակնայի տարածքում գտնվող հայկական արձանագրություններով ու նախշազարդերով խաչքարերը նրանք թարգմանաբար անվանել են խաշդաշեր՝ դրանք համարելով ադրբեջանական: