Հայկական կողմից դիվերսիոն գործողություն իրականացնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն ապատեղեկատվություն են: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը' անդրադառնալով ադրբեջանական ՊՆ-ի հայտարարությանը, թե իբր փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում ադրբեջանցի զինվոր է սպանվել։

 

«ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պաշտպանում են հրադադարի ռեժիմը և առաջնագծի ողջ երկարությամբ իրականացնում մարտական հերթապահություն: Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է»,- շեշտեց Հասրաթյանը:

 

Անդրադառնալով սահմանագծում առկա լարվածության մասին հարցին' Հասրաթյանը նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և ԼՂՀ ՊԲ-ն պատասխան գործողությունների է դիմում խիստ անհրաժեշտության դեպքում: