Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2015թ. ընթացիկ աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

 

 

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու՝ Հանրապետության Նախագահի որոշմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այ լն:

 

 

Հանդիպման ավարտին Նախագահը կուսակցության պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել անցյալ տարվա ընթացքում առավել ակտիվ աշխատանքով աչքի ընկած կուսակցական կանանց: