Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից ազգային արժույթի' մանաթի արժեզրկման հետևանքով երկրում թանկացումներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az գործակալությունը տեղեկացնում է, որ տուրիստական գործակալություններում ավիատոմսերի գինը բարձրացել է 25-30 տոկոսով:

 

 

Եթե նախկինում Բաքու-Ստամբուլ-Բաքու ավիաչվերթի տոմսերը հնարավոր էր գնել շուրջ 260 մանաթով, ապա այժմ դրանց գինը 342 մանաթ է: Այժմ Ադրբեջանի քաղաքացին Մոսկվա թռչելու համար պետք է ծախսի 468 մանաթ' նախկին 351-ի փոխարեն:

 

 

Փետրվարի 21-ից Ադրբեջանում տարադրամի տարբեր փոխանակման կետեր դադարեցրել են գործարքները: Պատճառը մանաթի արժեզրկումն է դոլարի համեմատ: Ադրբեջանի ԿԲ որոշմամբ' այսուհետ մեկ դոլարը վաճառվում է 1.071 մանաթով:

 

 

Բաքվի խանութներում նկատվում է գնորդների աննախադեպ հոսք, ովքեր գործնականում «մաքրում են» ցուցափեղկերը' աննախադեպ գնաճի կանխատեսումների պատճառով: Ադրբեջանի մայրաքաղաքի բոլոր խանութներում իրարանցում է, մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ և սննդամթերք: