Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում հարյուրից ավելի տուն է ավերվել «Մարշա» ցիկլոնի հարվածից, եւս ավելի քան 1500 տուն լուրջ վնասվածքներ է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հայտնել են Ավստրալիայի արեւելյան ծովափին գտնվող նահանգի կառավարությունում:

 

«Մարշա» ցիկլոնը Քվինսլենդին հարվածել է փետրվարի 20-ի առավոտյան, դրան տրվել էր հզորության հինգերորդ, ամենաբարձր կատեգորիան: Ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների արագությունը հասնում էր ժամում 285 կիլոմետրի: Տարերքն առավել մեծ վնաս է պատճառել Եպուն եւ Ռոկգեմփթոն քաղաքներին: Քվինսլենդի շատ քաղաքներ ու բնակավայրեր տուժել են ոչ թե ուժգին քամուց, այլ հեղեղումներից. անցած երեք օրվա ընթացքում նահանգի մի շարք շրջաններում ավելի քան 500 միլիմետր տեղումներ են գրանցվել:

 

Ինչպես հայտնել են Քվինսլենդի իշխանությունները, մինչ այժմ ապահովագրական ընկերությունները տների, այլ կառույցների ու ավտոմեքենաների տերերից ավելի քան 4,3 հազար հայց են ստացել տարերքի պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ: Ապահովագրորդները կարծում են, որ այդ թիվը կտրուկ կմեծանա առաջիկա օրերին, երբ կսկսեն տուն վերադառնալ այն մարդիկ, ովքեր Քվինսլենդից հեռացել էին նախքան ցիկլոնի գալը:

 

Իրենց հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փրկարարները հայտնել են մոտավորապես 15 հազար տների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու մասին: Միեւնույն ժամանակ մոտավորապես եւս 50 հազար տուն նահանգի տարբեր շրջաններում մինչ այժմ մնում են առանց էլեկտրականության: