Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքում ավելի քան 100 տուն ավերվել է «Մարշա» ցիկլոնի հարվածից, ևս ավելի քան 1500 տուն լուրջ վնասվել է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ավստրալիայի արևելյան ծովափին գտնվող նահանգի կառավարությանը:

 

«Մարշա» ցիկլոնը Քվինսլենդին հարվածել է փետրվարի 20-ի առավոտյան, դրան տրվել էր հզորության հինգերորդ, ամենաբարձր կատեգորիան: Ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների արագությունը հասնում էր ժամում 285 կիլոմետրի: Տարերքն առավել մեծ վնաս է պատճառել Եպուն և Ռոկգեմփթոն քաղաքներին: Քվինսլենդի շատ քաղաքներ ու բնակավայրեր տուժել են ոչ թե ուժգին քամուց, այլ հեղեղումներից. անցած երեք օրվա ընթացքում նահանգի մի շարք շրջաններում ավելի քան 500 միլիմետր տեղումներ են գրանցվել:

 

Ինչպես հայտնել են Քվինսլենդի իշխանությունները, մինչ այժմ ապահովագրական ընկերությունները տների, այլ կառույցների ու ավտոմեքենաների սեփականատերերից ավելի քան 4,3 հազար հայց են ստացել տարերքի պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ: Ապահովագրորդները կարծում են, որ այդ թիվը կտրուկ կաճի առաջիկա օրերին, երբ կսկսեն տուն վերադառնալ այն մարդիկ, ովքեր Քվինսլենդից հեռացել էին նախքան ցիկլոնի գալը:

 

Իր հերթին, փրկարարները հաղորդել են շուրջ 15 հազար տներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու մասին: Միևնույն ժամանակ մոտավորապես ևս 50 հազար տուն նահանգի տարբեր շրջաններում մինչ այժմ մնում է առանց էլեկտրականության: