Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնել էinterfax.ru-ն:

 

 

«Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմակայանի ողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման կետերում: Զինծառայողների հետ անցկացվում են միջոցառումներ՝ համաձայն օրվա պլանի»,- երկուշաբթի «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է զորքերի հրամանատարի օգնական, Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը:

 

 

Նշենք սակայն, որ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինն ավելի վաղնշել էր. ««ՀՀ քաղաքացի և մեր պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն օրեր առաջ ծառայությունից հետո ազատ էր արձակվել, մեկնել էր տուն հանգստի, որից հետո կինը դիմեց մեզ՝ ասելով, որ չի կարողանում գտնել նրան: Ներկա պահին Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին շարունակում ենք որոնողական աշխատանքները»:

 

 

Հավելենք նաև, որ ՀՀ ոստիկանությունը ևս հաղորդագրություն էր տարածել, որ Արթուր Աֆյանը որոնվում է որպես անհետ կորած: Հաղորդագրությունում ասված էր.

«Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

 

 

Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»: