Ադրբեջանի «արդարադատությունը» հերթական ամոթալի քայլն է կատարել: Բաքվի Քյուրդախանիի քրեակատարողական հաստատությունում անցկացված դատական նիստում Բինագադիի շրջանային դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովային 2,5 հազար մանաթ (մոտ 3 հազար դոլար) տուգանելու մասին վճիռ է կայացրել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանն այդ որոշումն ընդունել է Խ.Իսմայիլովայի դեմ նախկին ընդդիմադիր Էլման Հասանովի (Թյուրքօղլու) հայցի հիման վրա, որով վերջինս բողոքել է, թե Իսմայիլովան, իբր, զրպարտել է իրեն:

 

 

Դատավորը լրագրողներին թույլ չի տվել մասնակցել դատալսմանը, եւ նրանք որոշման մասին իմացել են Իսմայիլովայի փաստաբան Էլթոն Գուլիեւից:

 

 

Է.Հասանովը ադրբեջանական իրավական մարմինների «հանձնարարությամբ» (ինչը նա խոստովանել էր) հայց էր ներկայացրել դատարան, որում պնդել էր, թե Իսմայիլովան վիրավորել է իրեն: Դա արտահայտվել էր մի փաստաթղթի հրապարակման մեջ առ այն, որ Է.Հասանովն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գործակալ է: Սակայն, լրագրողի կողմից հրապարակված փաստաթղթում Է.Հասանովի անունը հիշատակված չէ: Նման փաստաթուղթ սոցիալական ցանցերում ի հայտ էր եկել երկու տարի առաջ, եւ հրապարակվել էր ԱԱՆ նախկին սպա, իսկ այժմ քաղաքական էմիգրանտ Ռամին Նաղիեւի կողմից:

 

 

Լրագրողի փաստաբանը դատարանի այսօրվա վճիռն անվանել է «ապօրինի եւ անարդար», եւ մտադիր է բողոքարկել այն:

Խ.Իսմայիլովայի դեմ մի քանի հայց է ներկայացվել, եւ նրա դեմ մի քանի քրեական գործեր են վարվում: Է.Հասանովի հայցից հետո ի հայտ է եկել լրագրող Թուրալ Մուստաֆաեւի հայցը, ով պնդել էր, թե Խ.Իսմայիլովան, իբր, ինքնասպանության է հասցրել իրեն: Չնայած, հետագայում Է.Մուստաֆաեւը հետ է վերցրել բողոքը, սակայն, Խ.Իսմայիլովայի դեմ այդ մասով քրեական գործը չի կարճվել:

 

 

Այդ անհեթեթ մեղադրանքը հետաքննության կողմից ընդունվել էր հիմք' Խ.Իսմայիլովային կալանքի վերցնելու համար: Երբ նա արդեն կալանքի տակ էր, դատախազությունը նրա նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրել' յուրացումներ կատարելու, հարկերից խուսափելու, լիազորությունները գերազանցելու կեղծ հիմավորումներով:

 

 

Այժմ իշխանությունները վերադարձել են նախնական հայցին եւ դատն անցկացրել քրեակատարողական հաստատությունում, որտեղ Խ.Իսմայիլովան գտնվում է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ից:

 

 

Միջազգային եւ ադրբեջանական հասարակությունը Խադիջա Իսմայիլովային համարում է «խղճի բանտարկյալ», եւ համոզված է, որ նրան հետապնդելու իրական պատճառը լրագրողի կողմից Ադրբեջանի իշխող ընտանիքի եւ բարձրաստիճան չինովնիկների կոռուպցիոն գործողությունների բացահայտումն է:

 

 

Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձննաժողովը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամ ը, «Ազատ Եվրոպա»/»Ազատություն» ռադիոկայանների կորպորացիայի գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: