Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի տարածքում ծայրահեղ ազգայնական խմբավորումները սկսել են բացահայտել իրենց ցեղասպան էությունը: Նման խմբավորումներից մեկը, որն իրեն անվանել է «Երիտասարդ անձիավորներ», Թուրքիայի Մուղլա, Մանիսա և Օրդու քաղաքներում հայերին սադրող և վիրավորող հայտարարություն պարունակող պաստառներ է փակցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

 

Պաստառների վրա եղել է հետևյալ գրությունը. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառապանծ նախնիներով»:

 

Ազգամիջյան ատելություն սերմանող գրություն պարունակող պաստառները Թուրքիայի տարբեր քաղաքներում փակցնելու փաստը սոցիալական ցանցերում դժգոհության պատճառ է դարձել: Օգտատերերին հատկապես զայրացրել է այն, որ Մուղլայի պաստառը փակցվել է նահանգի Սպրոտի և երիտասարդության հարցերով վարչության գրասենյակի առջև: Վերջինիս ներկայացուցիչները «Ակոս»-ին հայտնել են, որ պաստառը իրենց գրասենյակից ոչ լավ երևացող հատվածում է փակցվել, սակայն ներկայում հեռացված է: