Ուկրաինայի արեւելքում հակամարտության կողմերը մինչ այժմ ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելությանը (ՀՄԱ) տվյալներ չեն ներկայացրել իրենց ծանր սպառազինությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են, Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան, դրանց հետքաշումը հսկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասել է ՀՄԱ-ի ղեկավար Էրթուգրուլ Ապականը հայտարարության մեջ, որը լույս փետրվարի 25-ի գիշերը հրապարակվել է Facebook ցանցում:

 

«Ավելի քան տասն օր առաջ մենք գրել էինք Մինսկի համաձայնություններն ստորագրած կողմերին, թե ինչ է ՀՄԱ-ին անհրաժեշտ առաքելության առջեւ դրված խնդիրը կատարելու համար: Դա ներառում է այն, թե ինչ ծանր սպառազինություններ նրանք ունեն, որտեղ են դրանք այժմ գտնվում, ինչ ճանապարհներ են օգտագործվելու դրանց հետքաշման համար, եւ որտեղ են դրանք գտնվելու հետքաշումից հետո: Համապատասխան կողմերը մինչ այժմ չեն տրամադրել այդ տեղեկատվությունը, եւ նրանք դա պետք է անեն շտապ կարգով»,- ասված է Ապականի հայտարարության մեջ:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՀՄԱ-ի ղեկավարը ողջունել է Մինսկի որոշումներն անհետաձգելիորեն կատարելու Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների վճռականությունը, որոնք փետրվարի 24-ին հանդիպում են անցկացրել Փարիզում: