Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նախորդ տարվա համեմատ կրճատվել են գրեթե 2049-ով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' 2015 թվականի փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների մշտադիտարկման արդյունքները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

 

Նրա խոսքով' 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում է նկատվում ինչպես առաջնային բժշկական կազմակերպություններում, այնպես էլ ստացիոնար բուժում պահանջող հիվանդների շրջանում: «Սակայն վերջին երկու շաբաթում աշխուժացում է գրանցվել մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում' 0-2 տարեկան երեխաների մոտ: Շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1պնդ, H3 ենթատեսակները և Բ տեսակը, ինչպես նաև ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ և մետապնևմովիրուսներ»,- ասաց Վանյանը:

 

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի օպերատիվ տվյալների համաձայն' թեև նախորդ տարվա վերոնշյալ ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված կանչերը, բայց ավելացել են թոքաբորբով պայմանավորվածները: «Այնուամենայնիվ, հիվանդացության շեմը չի գերազանցվել»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը' զգուշացնելով, որ մեր բնակչության շրջանում այդքան լայն տարածում գտած ինքնաբուժության պրակտիկան հաճախ հանգեցնում է հիվանդությունների բարդացումների: «Բազմիցս նշվել է, որ պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվեÕ ¬: Անտիբիոտիկները տրվում են բարդացած դեպքերի ժամանակ: Մեր խնդրանքն է ազգաբնակչությանը' թեթև նախանշանների դեպքում անգամ դիմել տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին, սեզոնին համահունչ հագնվել, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ և խուսափել հիվանդների հետ շփումից»,- ընդգծեց Արտավազդ Վանյանը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներովˋ գրիպի սեզոնը լայն տարածում է ստացել մասնավորապես եվրոպական տարածաշրջանի արևմտյան և կենտրոնական երկրներում: 2015 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում գրիպի աճող ակտիվության մասին հայտնել են 20 երկիր: Մեր տարածաշրջանի երկրներումˋ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: