Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու հարցը:

 

Օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելուն կողմ քվեարկեց 64, դեմ՝ 5, ձեռնպահ 1 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և նշեց, որ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկումների կարիք ունի և չի կարելի այն 24-ժամյա ռեժիմով անցկացնել:

 

«Շըփ-թըփ մի արեք, թողեք հանգիստ քննարկենք»,- առաջարկեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ կարիք չկա շտապելու՝ ընդգծելով, որ այն կարելի է հանգիստ քննարկել և ընդունել, օրինակ, մի քանի ամիս հետո:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ կառավարությունը ներկայացրել է շատ լավ նախագիծ, որով խթանվելու է արտահանումը: Նա նշեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հնչել են բոլոր կարծիքները և բովանդակային քննարկումների մեջ մտնելու կարիք չկա:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.