Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ անհրաժեշտ Է մշակել ծրագիր, որը երկրին կօգնի արագորեն դուրս գալ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման հետեւանքով ստեղծված իրադրությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Մենք իրազեկ շատ անձանցից մանրամակրկիտ լսեցինք ստեղծված իրադրության վերլուծությունը: Այժմ սպասում ենք, որ կլսենք այդ իրադրությունից արդյունավետորեն դուրս գալու պլանի մասին: Այդ վերլուծության մեջ մենք տեսնում ենք, թե ինչ գործոններ են պայմանավորել լարիի փոխարժեքի անկումը: Այսօր մեզ հետաքրքրում Է, թե ինչպես ենք դուրս գալու այդ իրավիճակից»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին փետրվարի 25-ին Թբիլիսիում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

 

«Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունը նախօրյակին Վրաստանի ներկայիս իշխանություններին անգործության մեջ Է մեղադրել լարիի անկման կապակցությամբ եւ կոչ Է արել երկրի նախագահին՝ գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:

 

Իր հերթին Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ Է արել երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ «քավել մեղքերը»՝ 1 մլրդ լարի (մոտավորապես 455 մլն դոլար) հատկացնելով ազգային արժույթը փրկելուն:

 

ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից եւ վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել Է 1 դոլարի դիմաց 2,1971 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել Է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի: Ընդդիմության ներկայացուցիչները եւ փորձագետները քանիցս հայտարարել են, որ լարիի փոխարժեքի անկումը Վրաստանի իշխանությունների «ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության» հետեւանքն Է: