Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած մարդկության դեմ կատարված առաջին հանցագործության մասին, այլեւ իրավական եւ քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում եւ հատուցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտում է, որ ներկա դրությամբ հանձնախումբը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ մշակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ, որը մինչեւ ապրիլի 24-ը պետք է դրվի քվեարկությանը:

 

«Բանաձեւի մանրամասները ներկա դրությամբ չեմ կարող հաղորդել, քանի որ ընթանում է աշխատանք եւ տեքստի վերջնական տարբերակը դեռեւս չի մշակվել: Բանաձեւը պետք է դատապարտի Թուրքիային' մեկ դար առաջ կատարած Ցեղասպանության համար: Մենք նաեւ ցանկանում ենք, որ բանաձեւով իրավական փոխհատուցման պահանջ դրվի: Բանաձեւը կոչ է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Տարբեր առաջարկություններ կան եւ մենք դրանք քննարկում ենք' ավելի լավ տարբերակի հասնելու համար: Հիմնականում մեծ կուսակցությունների հետ ենք աշխատում, որպեսզի ունենանք անհրաժեշտ ձայներ եւ բանաձեւը խորհրդարանում կարողանանք անցկացնել»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին եւ Թուրքիայի մասին զեկույցներում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 

«Որոշ չափով լավատես եմ, որ բանաձեւի ընդունումը կհաջողվի: Կա Հայաստան-Եվրոպական խորհրդարան բարեկամության լավ եւ ամուր խումբ: Խմբի անդամները հիսունյոթն են: Սովորաբար Հայաստանի նման փոքր պետությունների բարեկամության խմբերում առավելագույնը տասը-տասնհինգ հոգի է ընդգրկված լինում: Կարծում եմ բարեկամության խմբի հետ պետք է կարողանանք հաջողացնել մեր ծրագրերը: Օրինակ, վերջերս ադրբեջանցիներն էլ կազմեցին Բարեկամության խումբ, բայց գաղտնի են պահում կազմը: Խմբի անդամների թիվն ամենայն հավանականությամբ շատ փոքր է: Բացի այդ, Եվրախորհրդարադում այդքան էլ պատվաբեր չէ Ադրբեջանի բարեկամը լինելը »,- ասաց Գասպար Կարապետյանը: Բացի բանաձեւի ընդունումից, նախատեսվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունն ապրիլին կգա Հայաստան եւ հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: «Կազմել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախնական ցանկ, ովքեր կայցելեն Հայաստան: Խմբում ընդգրկված կլիեն ոչ միայն Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի անդամները, այլեւ այլ պատգամավորներ: Բնականաբար, կազմում կլինեն խմբի նախագահ Էլենի Թեոհարիուսը, փոխնախագահներ, ովքեր հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Գասպար Կարապետյանը:

 

Ապրիլի 24-ից հետո էլ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն:

 

Մայիսին տեղի կունենա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Եղեռնը Եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն հուշարաձանագետի արած լուսանկարները: Աշնանն արդեն Հայ դատի հանձնախումբը կնախաձեռնի միջազգային գիտաժողովը' նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Գիտաժողովը կունենա ինչպես գիտական այնպես էլ քաղաքական բաժին: Ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ: Մենք նաեւ ցանկանում ենք, որ հասարակ քաղաքացիներ էլ ներկա գտնվեն, որ լսեն քննարկումները: Այս ուղղությամբ ներկա դրությամբ ընթանում են աշխատանքներ»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ մինչեւ ապրիլի 24-ը մի քանի լեզուներով կհրատարակվի Հայոց ցեղասպանության մասին ամփոփ գիրք, որը կպարունակի քարտեզներ, լուսանկարներ: Գիրքը, որ կլինի գերմաներեն, ֆրանսերեն եւ անգլերեն, կբաժանվի Եվրախորհրդարանի պատգամավորներին:

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ