Դոնբասում աշխարհազորայինների եւ ուկրաինացի ուժայինների միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը հիմնականում կատարվում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵԱՀԿ-ի նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:

 

Վաշինգտոնում ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսին առընթեր Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը «փխրուն է, բայց հիմնականում պահպանվում է»:

 

Ուկրաինայում ճգնաժամի «էսկալացման կանխումը», որը ժամանակի ընթացքում կարող էր վերածվել «ավելի խոշոր առճակատման», ԵԱՀԿ-ի «գլխավոր գերակայությունն է», նշել է Դաչիչը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ամենաակտիվ կերպով ջանում է ապահովել ուկրաինական ճգնաժամի «դիվանագիտական կարգավորումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: