«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում, նախորդ տարի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության կողմից Արարատի մարզի 594 ընտանիք ստացել են աջակցություն' իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց: Ծրագիրն իրականացվել է Արտաշատի տարածաշրջանում' 26, Վեդիի տարածաշրջանում' 20 եւ Մասիսի տարածաշրջանում' յոթ ցրտահարությունից տուժած համայնքներում, պայմանագրեր են կնքվել համապատասխանաբար' 335, 221 եւ 48 գյուղացիական տնտեսությունների հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, իրենց իսկ հողամասում կատարած աշխատանքների դիմաց հողօգտագործողներն ընդհանուր առմամբ ստացել են 59 մլն 504 հազար 544 դրամ գումար:

 

Ելնելով ծրագրի իրականացման պայմաններից' մասնակցություն ունեցող ընտանիքները պետք է ընդգրկված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ստանան ընտանեկան նպաստ, ընտանիքի կազմում ունենան հաշմանդամ, երկու եւ ավելի անչափահասներ: Մեկ անձի համար վճարվում է 4000 դրամ, որից հանվում է եկամտահարկը եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը: Ավետիսյանն ասաց, որ այն անձինք, ովքեր բնակվում են միայնակ, բայց ունեն մեծ հողամաս' վարձում են աշխատողներ, որոնց համար վճարը սահմանված է 2000 դրամ: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատ ունենում է հաշվի համար եւ իր գումարն ստանում է փոխանցումով: «Սա հրաշալի ծրագիր է գյուղացու համար, ով աշխատելով իր իսկ հողամասում' ստանում է բերք, եկամուտ, նաեւ' աշխատավարձ պետության կողմից: Սրանից լավ առաջարկ եւ հնարավորություն գյուղացու համար չէր կարող լինել»,- կարեւորելով ծրագրի իրականացումն' ընդգծեց կենտրոնի տնօրենը: Նա ասաց նաեւ, որ այս տարվանից այն կգործի նաեւ ոչ միայն ցրտահարությունից տուժած համայնքների համար:

 

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Արմավիրի մարզում: Համարվելով ՀՀ կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերից մեկը' նախորդ տարի այն կյանքի կոչվեց հանրապետության չորս մարզերում: Այս տարվանից այն մտել է «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող պետական ծրագրերի մեջ: Այս տարի այն կրկին կիրականացվի մարտից' նախատեսված պլան-ժամանակացույցով:

 

Լիլիթ Մաճկալյան