ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը «Իսլամական պետությանը» կոչ է արել անհապաղ ազատ արձակել գերի վերցրած ասորի քրիստոնյաներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիքը՝ ավելացնելով, որ Պան Կի Մունը կոչ է արել ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, նաև կոչ է արել ազատ արձակել Սիրիայում իրենց մոտ գտնվող բոլոր մարդկանց:

 

«Նման հանցագործությունները հերթական անգամ ապացուցում են ԻՊ-ի դաժանությունները, որը պատասխանատու է հազարավոր հանցագործությունների համար, ինչպես նաև մերժում են հումանիզմի բոլոր հիմքերը»,- նշվել է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ԻՊ-ն 33 մարդ է առևանգել, այդ թվում՝ կանանց և երեխաների Հասաքե մարզի Թել ալ Ջազիրա գյուղում: Աղբյուրի տեղեկացմամբ, ավելի վաղ Թել Շամիրամ և Թել Հարմազ գյուղերում 56 քաղաքացիներ էին առևանգվել:

 

ԻՊ-ի հանցագործություններից փախուստի դիմած տասնյակ ընտանիքիներ ապաստան են գտել Հասաքե քաղաքում գտնվող ասորական եկեղեցում: Նրանք մտավախություն ունեն, որ կարժանանան Իրաքի եզդիների ճակատագրին:

 

ԻՊ-ն փետրվարի 24-ին զինված հարձակում էր իրականացրել Թել Հարմազ, Թել Շամիրամ, Թել Ռուման, Թել Նասրա, ալ Աղիբաշ, Թումա Յալդա, ալ Հաուզ գյուղերի վրա, որոնք գտնվում են Հասաքե մարզի արևմուտքում: Ահաբեկիչներն այրել են Թել Հարմազ պատմական եկեղեցին, որը համար վում է Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը: