Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Փետրվարի 23-ին Ադրբեջանի տարածքում' Գանձակ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումն զգացվել է Տավուշի մարզում' 3-4 բալ ուժգնությամբ:

 

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ, որոնցից մեկը' 3 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Փետրվարի 19-ին տեղի ունեցած 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում' Շաքի քաղաքից 58 կմ դեպի արևելք: Փետրվարի 23-ին նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 4 բալ ուժգնությամբ հետցնցում:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Փետրվարի 19-ին 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայից 144 կմ դեպի հյուսիս: Փետրվարի 20-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից 140 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը նույն էպիկենտրոնային գոտում գրանցված երկրաշարժն ունեցել է 6 մագնիտուդ հզորություն: Փետրվարի 22-ին տեղի ունեցած 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Մեքսիկայի Տոմլատան քաղաքից 218 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: