Անցնող փետրվարը Հայաստանի շրջանների մեծ մասի համար հարուստ էր տեղումներով և դրանք կազմել են նորմայի 120-200%-ը: Բացառություն կազմեցին Գեղարքունիքը, Վայոց ձորը և Արարտյան դաշտը: Գեղարքունիքում և Վայոց ձորում փետրվարի տեղումները կազմեցին ամսական նորմայի 70-80%-ը, իսկ Արարատյան դաշտում՝ ընդամենը 10-25%-ը:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

 

 

«Հաշվի առնելով ներկա պահին հանրապետության լեռնային տարածքներում առկա ձյան ծածկույթնի ծավալները' պետք է նկատի ունենալ նաև, որ անցած աշունը Հայաստանում համեմատաբար խոնավ է եղել, և դրա արդյունքում հողում ներծծումը ավելի քիչ կլինի, ինչը դրական գործոն է»,- նշեց օդերևութաբանը' խոսելով գյուղացիների այն անհանգստության մասին, որ այս գարունը կարող է կրկին անբարենպաստ լինել գյուղանտնտեսության համար և ջրամբարները չեն լցվի բավարար չափով:

 

 

Նրա խոսքով' հանրապետության հիմնական լեռնային գոտիներում բավականին լավ ձյան ծածկ է այսօր առկա, որն Արարգած լեռան վրա կազմում է 2,35 մ, Աշոցքում՝ 1 մ, Ապարանում՝ 70 սմ: Համեմատաբար բարակ է ձյան ծածկը Ջերմուկում, որն ավանդաբար ձնառատ տարածք է, սակայն ներկա պահին այնտեղի լեռնային շրջաններում ձյան ծածքկ կազմում է 44 սմ, իսկ հովտային շրջաններում այն իսպառ բացակայում է: Իսկ ՀՀ լեռնային մնացած շրջաններում ձյան ծածկ խորությունը միջինում տատանվում է 10-40 սմ-ի սահմաններում: