Շիրակի մարզի 26 համայնքում այս տարի կայանալու են ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնք կկայանան մարտի 15-ին, հունիսի 7-ին, սեպտեմբերի 13-ին և դեկտեմբերի 6-ին:

 

 

Մարտի 15-ին Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ և Սարակապ համայնքներում համայնքապետի ընտրություն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանն, այս համայնքներում արդեն թեկնածուներն առաջադրված են:

 

 

Սահմանված ժամկետում ՝ փետրվարի 8-13-ն, առաջադրումները կատարվել են՝ յուրաքանչյուր համայնքում երկուական թեկնածու, և բոլոր այդ համայնքներում առաջադրված թեկնածուներից 1-ը համայնքի գործող ղեկավարն է,

սակայն արդեն կան թեկնածուներ, ովքեր ինքնբացարկ են հայտարարել, օրինակ, Հառիճում և Սարակապում: Բոլոր համայքներից միայն Արփենիում է թեկնածուն առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, մյուսներում թեկնածուները գրանցվել են ինքնառաջադրումներով: Հենց Արփենիում մյուս առաջադրված թեկնածուն համայնքապետի հարազատ եղբայրն է:

 

 

Ըստ գործող օրենքի՝ փետրվարի 25-ից այս համայնքներում արդեն քարոզարշավը մեկնարկել է: Համայնքներից Արփենին և Կարմրավանն ընդգրկված են թիվ 33, իսկ մյուսները թիվ 36 ԸԸՀ-ի կազմում: «Արդեն կազմավորված են տեղամասային կենտրոնները: Ընտրողների ցուցակները պատրաստ են և փակցված տեղամասերում. դրանք նախնական ցուցակներն են: Ձևավորված են ընտրական հանձնաժողովները:

 

 

Կայացել են հանձնաժողովների անդրանիկ նիստերը: Բոլոր նախադրյալները կան, որ ընտրությունները համայնքներում սահմանված կարգով անցկացվեն: Ներկա պահին դիմումներ, բողոքներ, ընտրական կա րգի խախտումներ չեն արձանագրվել: Նախընտրական քարոզչությունը նորմալ է ընթանում: Ընտրական մրցակցություն է սպասվում Կարմրավան համայնքնում. թեև փոքր համայնք է, իսկ թեկնածուները բարեկամներ են, բայց ընտրական պայքար այստեղ սպասվում է»,-ավելացրեց Ռուբեն Հարությունյանը:

 

 

Արմենուհի Մխոյան